Հայաստանում առաջին անգամ ջրի վրա կկառուցվի լողացող արևային ֆոտովոլտային կայան
https://parstoday.ir/hy/news/armenia-i144946-Հայաստանում_առաջին_անգամ_ջրի_վրա_կկառուցվի_լողացող_արևային_ֆոտովոլտային_կայան
Հայաստանում առաջին անգամ ջրի վրա կկառուցվի փորձնական լողացող արևային ֆոտովոլտային կայան: Այն իր տեսակի մեջ առաջինն է լինելու նաև տարածաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2021 14:27 Asia/Tehran
  • Հայաստանում առաջին անգամ ջրի վրա կկառուցվի լողացող արևային ֆոտովոլտային կայան

Հայաստանում առաջին անգամ ջրի վրա կկառուցվի փորձնական լողացող արևային ֆոտովոլտային կայան: Այն իր տեսակի մեջ առաջինն է լինելու նաև տարածաշրջանում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, 150 կՎտ հզորությամբ կայանի կառուցման համար հայ և ֆրանսիացի մասնագետները դիտարկում են 3 տարբերակ՝ Երևանյան լիճը, Ապարանի և Ազատի ջրամբարները: Կայանի արտադրությունը կարող է կազմել շուրջ 250 հազար կՎտժ/տարի:

Կայանի կառուցումը նախատեսված է «Հայաստանում առաջին Արևային լողացող կայանի զարգացման ծրագրի» շրջանակներում, որը համատեղ իրականացնում են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերությունը: Ծրագիրը մեկնարկել է սույն թվականի մարտի 1-ին:

Հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է գերմանական «Baywa» ընկերության կողմից Նիդեռլանդներում գտնվող 27,4 ՄՎտ հզորությամբ «Bomhofsplas» լողացող արևային էլեկտրակայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրության նախնական արդյունքների մասին տեղեկատվություն, որի համաձայն՝ որևէ նշանակալի բացասական ազդեցություն լճի բուսական և կենդանական աշխարհի վրա չի արձանագրվել:

«Հայաստանում առաջին Արևային լողացող կայանի զարգացման ծրագրի» շրջանակներում Երևանյան լճի տարածքում աշխատանքներ իրականացնելու համար Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանն արդեն իսկ համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ծրագրով նախատեսվում է նաև Երևանի քաղաքապետարանի կողմից հատկորոշված մանկապարտեզներից մեկում իրականացնել վերականգնվող էներգետիկայի ծրագիր՝ տեղադրելով էլեկտրաէներգիայի արտադրության ֆոտովոլտային կայան:

ecolur.org