Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i147754-Արմեն_Գրիգորյանն_ու_Ստանիսլավ_Զասը_քննարկել_են_ՀԱՊԿ_ում_Հայաստանի_գալիք_նախագահությունը
Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2021 10:24 Asia/Tehran
  • Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունը

Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը:

Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը  ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող  սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվեց իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական  կարգավորման անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձան նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։

Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծեց ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրեց, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։

Armenpress.am