Հայաստանը սեպտեմբերի 16-ին կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i150604-Հայաստանը_սեպտեմբերի_16_ին_կստանձնի_ՀԱՊԿ_նախագահությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Դուշանբեում՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Այդ մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2021 15:58 Asia/Tehran
  • Հայաստանը սեպտեմբերի 16-ին կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Դուշանբեում՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Այդ մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հիմնախնդիրները և  ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի իրավիճակը Աֆղանստանում և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա»,- ասել է նա։

Ըստ Զայնետդինովի, նստաշրջանի ընթացքում կընդունվի Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, ինչպես նաև խաղաղապահությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր, որոնք ապահովում են ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժեր) գործունեությունը և ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի վերազինումը ժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով և հատուկ միջոցներով: Բացի այդ, դիտարկվելու է կազմակերպության 2022 թվականի բյուջեն:

«Հաշվի առնելով ՀԱՊԿ նախագահության փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը 2021-2022 թվականներին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն»,-ասել է կազմակերպության մամուլի քարտուղարը:

Բացի այդ, Դուշանբեում կկայանա ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի ընթացքում կքննարկվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանների ռազմաքաղաքական իրավիճակը:

Ակնկալվում է մի շարք կարևոր քաղաքական հայտարարությունների ընդունում, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների՝ «Աֆղանստանի իրավիճակի մասին» համատեղ հայտարարությունը: 

Panorama.am