Ինչ կառուցվածք կունենա և ինչ գործեր կքննի Հակակոռուպցիոն կոմիտեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i150836-Ինչ_կառուցվածք_կունենա_և_ինչ_գործեր_կքննի_Հակակոռուպցիոն_կոմիտեն
Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի: Կստեղծվի նոր կառույց՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Այդ մասին օրենքը Ազգային ժողովն ընդունեց մարտին: Կոմիտեի նախագահի մրցութային գործընթացն ավարտվեց անցյալ շաբաթ: Տասնօրյա ժամկետում երեք թեկնածուից մեկին գործադիրը կնշանակի նորաստեղծ կառույցի ղեկավարի պաշտոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2021 05:27 Asia/Tehran
  • Ինչ կառուցվածք կունենա և ինչ գործեր կքննի Հակակոռուպցիոն կոմիտեն

Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի: Կստեղծվի նոր կառույց՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Այդ մասին օրենքը Ազգային ժողովն ընդունեց մարտին: Կոմիտեի նախագահի մրցութային գործընթացն ավարտվեց անցյալ շաբաթ: Տասնօրյա ժամկետում երեք թեկնածուից մեկին գործադիրը կնշանակի նորաստեղծ կառույցի ղեկավարի պաշտոնում:

Սուրեն Գրիգորյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Կառույցը սկսում է ձևավորվել հենց նախագահի ընտրությամբ: Նախագահի ընտրությունից հետո իր կողմից մի շարք առանցքային որոշումներ կկայացվեն:

Նշանակումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մեկամսյա ժամկետում պետք է հաստատի կոմիտեի կառուցվածքը, պաշտոնների հաստիքացուցակը: Այնուհետև եռօրյա ժամկետում կառաջարկի, որ ՀՔԾ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ժամանակավորապես համալրելեն Հակակոռուպցիոն կոմիտեի 20 թափուր հաստիք:

Էմմա Ավագյան (ՀՀ ՀՔԾ իրավական ապահովման բաժնի պետ) - Միայն 20 հաստիք է նախատեսված ժամանակավորապես մինչև հետագայում մրցութային հանձնաժողով կստեղծվի, և նրանք մրցույթով կհամալրեն հաստիքները: Կարճ ժամկետում պետք է ստեղծվի հանձնաժողով: Մրցույթը մի քանի փուլով է լինելու. փաստաթղթերի ուսումնասիրություն, թեստավորում, բարեվարքության ուսումնասիրություն, հարցազրույցի փուլ, դրանից կոմիտեի նախագահը նրանց կնշանակի հիմնական աշխատակիցներ:

Հակակոռուպցիոն կոմիտեի 20 թափուր հաստիքի համալրման հաջորդ օրն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքը, այդ պահից ուժը կորցրած է ճանաչվելու ՀՔԾ մասին օրենքը, և դադարեցվելու է Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Արդարադատության փոխնախարարն ընդգծում է՝ նպատակը գործերի քննության որակի ապահովումն է: Ձևավորվում է հակակոռուպցիոն եռաստիճան համակարգ:

Սուրեն Գրիգորյան - Քննչական մարմինն է, որը հակակոռուպցիոն կոմիտեն է, դատախազության դեպքում առանձին, առանձին դատախազություն չենք ունենալու, համապատասխան ստորաբաժանում ենք ունենալու, և հակակոռուպցիոն դատարանն է, որը, ցավոք, դեռևս հարցը քննվում է ՍԴ-ում, ձգձգման տեսանկյունից: Խնդիրները լուծվելու են որակապես այլ մակարդակում, մենք դա ենք ակնկալում, որովհետև ձևավորման կարգը, գործունեության տրամաբանությունը պետք է մասնագիտացված իրականացվի, հենց թիրախային հակակոռուպցիոն գործերի քննության հետ կապված:

Էմմա Ավագյան - Գործերը, որոնք կոռուպցիոն բնույթի են, ուղարկվելու են Հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտեն է շարունակելու դրանց քննությունը: Այն գործերը, որոնք կոռուպցիոն բնույթի չեն, արդեն ըստ ենթակայության պետք է ուղարկվեն համապատասխան մարմիններ՝ Քննչական կոմիտե, ԱԱԾ, նայած՝ որ մարմինն է քննելու:

Հակակոռուպցիոն մարմինների ստեղծումը պայմանավորված է պետության հակակոռուպցիոն ռազամավարությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավոր կտեղակայվի Հատուկ քննչական ծառայության շենքում, ապա կտեղափոխվի հիմնական հասցե՝ Սիլիկյան 12:

1lurer.am