Լուկաշենկո․ «Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար»
Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդունելով ՀՀ նոր դեսպան Ռազմիկ Խումարյանին, հայտարարել է, որ Բելառուսը բաց է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում սերտ հարաբերությունների զարգացման առաջարկների համար։
Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է, որ երկու երկրները ՀԱՊԿ դաշնակիցներ և ԵԱՏՄ գործընկերներ են և կապված են ավանդական բարեկամական հարաբերություններով, ընդհանուր պատմությամբ և սերտ միջանձնային շփումներով:
«Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են ինտեգրացիոն կառույցների շրջանակներում, շատ դեպքերում խոսում են միասնական դիրքերից», - նշել է Բելառուսի առաջնորդը՝ հավելելով, որ երկկողմ համագործակցության զգալի ներուժը դեռ լիովին իրացված չէ:
Ի դեպ, Ռազմիկ Խումարյանն այս ամիս նշանակվել է Բելառուսում Հայաստանի դեսպան: Նախկինում նա աշխատել է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որի կենտրոնակայանը գտնվում է Մինսկում:
araratnews.am