ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i152132-ՀՀ_և_ՌԴ_արտգործնախարարները_քննարկել_են_հաղորդակցությունների_ապաշրջափակման_հարցը
Նախարարները համակարծիք են եղել, որ հարևանների միջև փոխշահավետ համագործակցության ավելացումը կնպաստի տարածաշրջանային իրադրության հետագա կարգավորմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2021 14:55 Asia/Tehran
  • ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը

Նախարարները համակարծիք են եղել, որ հարևանների միջև փոխշահավետ համագործակցության ավելացումը կնպաստի տարածաշրջանային իրադրության հետագա կարգավորմանը։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Նախարարները համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, վստահության միջոցների առաջխաղացումը և հարևանների միջև փոխշահավետ համագործակցության ավելացումը կնպաստի տարածաշրջանային իրադրության հետագա կարգավորմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանը տրանսպորտային կապ է ապահովում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այդ կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվում է տրանսպորտային ուղի Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։

armeniasputnik.am