Տարածաշրջանային անվտանգության հերթական խաթարումը չի կարող վերաբերվել միայն Հայաստանին. Ռուստամյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i152440-Տարածաշրջանային_անվտանգության_հերթական_խաթարումը_չի_կարող_վերաբերվել_միայն_Հայաստանին._Ռուստամյան
ՀՅԴ-ն ողջունում է տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2021 15:13 Asia/Tehran
  • Տարածաշրջանային անվտանգության հերթական խաթարումը չի կարող վերաբերվել միայն Հայաստանին. Ռուստամյան

ՀՅԴ-ն ողջունում է տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ԱԺ հայտարարությունների ժամին:

Ռուստամյանը նախ հայտնեց, որ Դաշնակցության բյուրոն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին: «Այս ուղղությամբ չափազանց ուշագրավ էին անցած շաբաթներին Իրանի հրապարակած դիրքորոշումները և կատարած քայլերը երկրի հյուսիս-արևմտյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որը սահմանակցում է ՀՀ-ին, Արցախի բռնազավթված տարածքներին ու Ադրբեջանին: Իրեն հարևան գրեթե բոլոր տարածաշրջանները՝ Միջերկրական ծովից մինչև Հարավային Կովկաս և Մերձավոր Արևելք ապակայունացնող և ռազմական բախումներ հրահրող Թուրքիայի Հանրապետությունը այժմ էլ Ադրբեջանի միջոցով է փորձում իր ռազմավարական դիրքերը բարելավել Կասպից ծովի ավազանում և Իրանի Հյուսիսային հատվածում: Թշնամական որոշ շրջանակներ նույնիսկ բացահայտ ակնարկում են Իրանում բախումներ հրահրելու հեռահար նպատակների մասին»,-ասաց Ռուստամյանը:

Նա հավելեց՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և պատերազմական հակագործողություններով ուղեկցվող ագրեսիայի ընթացքում ու ի հետևանք դրա՝ ադրբեջանա-թուրքական տանդեմին հաջողվել է Հարավային Կովկասը մտցնել աշխարհաքաղաքական սակարկությունների նոր հորձանուտի մեջ և էապես վտանգել տարածաշրջանային անվտանգությունը: Ադրբեջանա-թուրքական այս արկածախնդրությունը նախևառաջ ուղված է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ավանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցություն ունեցող պետությունների դեմ: Պատգամավորը, հղում կատարելով տարբեր հրապարակումների, նշեց, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքներում պահել ծայրահեղ իսլամիստ վարձկանների, ինչպես նաև ռազմական հնարավորություններ տրամադրել այլ ուժերի:

«Տարածաշրջանային անվտանգության հերթական խաթարումը չի կարող վերաբերվել միայն Հայաստանին: Հետևաբար` ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը»,-ասաց Ռուստամյանը:

armenpress.am