ՀՀ արտգործնախարարը խոսել է Ռուսաստանի, Եվրամիության և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i154892-ՀՀ_արտգործնախարարը_խոսել_է_Ռուսաստանի_Եվրամիության_և_Իրանի_հետ_Հայաստանի_հարաբերությունների_մասին
Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ, և հայ-ռուսական բազմաշերտ համագործակցության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում ռազմաքաղաքական, անվտանգային, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքների, հումանիտար ու մշակութային ոլորտները։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 15:20 Asia/Tehran
  • ՀՀ արտգործնախարարը խոսել է Ռուսաստանի, Եվրամիության և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ, և հայ-ռուսական բազմաշերտ համագործակցության կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում ռազմաքաղաքական, անվտանգային, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքների, հումանիտար ու մշակութային ոլորտները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Միևնույն ժամանակ,  Հայաստանը կարևորում է ԵՄ ու ԵՄ անդամ-երկրների հետ տարբեր ձևաչափերում փոխշահավետ և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության զարգացումը:

Այս առումով կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Հայաստան-Եվրամիություն  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նշանակությունը։ Այս համընդգրկուն փաստաթուղթը ամուր իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության համար։ Համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կամրապնդի համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն»,- ասել է Միրզոյանը։

Նա համագործակցության կարևոր հարթակ է անվանել նաև Արևելյան գործընկերությունը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է ակտիվ ներգրավվածությունն ու աշխատանքը՝ ձևաչափի ներառականության ամրապնդման և համագործակցության խորացման ուղղությամբ։

Խոսելով Հայաստան-Իրան հարաբերությունների մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ երկու երկրների միջև առկա են փոխվստահության վրա հիմնված պատմական բարեկամական հարաբերություններ: «Կա երկուստեք պատրաստակամություն՝ առավել զարգացնելու և խորացնելու բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները, առևտրատնտեսական, քաղաքական, ինչպես նաև այլ  ոլորտներում շահավետ համագործակցությունը»,- շեշտել է Միրզոյանը։

Նա հավելել է՝ Հայաստանը լիահույս է, որ միջուկային բանակցությունները կվերսկսվեն,  կունենան բարեհաջող ընթացք, և հնարավորություն կստեղծեն  վերացնելու Իրանի նկատմամբ առկա պատժամիջոցները, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:

armenpress.am