Ադրբեջանի սադրանքներն ուղղված են պայմանավորվածությունների տապալմանը. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i156312-Ադրբեջանի_սադրանքներն_ուղղված_են_պայմանավորվածությունների_տապալմանը._Փաշինյան
Հայաստանի վարչապետի խոսքով՝ Բաքվի գործողությունները սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի անվտանգությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 08:28 Asia/Tehran
  • Ադրբեջանի սադրանքներն ուղղված են պայմանավորվածությունների տապալմանը. Փաշինյան

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Բաքվի գործողությունները սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի անվտանգությանը:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանն այսօր կրկին բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց` ելույթ ունենալով Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ու մեկնաբանելով նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները։ Նրա խոսքով՝ նիստն ընթանում է Հայաստանի համար լարված մթնոլորտում։

«Չեմ կարող չնշել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք ընդունում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են մեր անվտանգությանը։ Մեր տարածաշրջանը ներքաշվել է էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրել է մարդկային նոր զոհերի», - նշեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ նոր էսկալացիայի պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքները միտված են խաթարել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց,  որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio