Հայ-իրանական աշխատանքային խումբն այցելել է Սյունիք
https://parstoday.ir/hy/news/armenia-i156360-Հայ_իրանական_աշխատանքային_խումբն_այցելել_է_Սյունիք
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և իրականացնել հնարավոր բոլոր միջոցառումները` տարածաշրջանում լեռնահարստացման գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 14:54 Asia/Tehran
  • Հայ-իրանական աշխատանքային խումբն այցելել է Սյունիք

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և իրականացնել հնարավոր բոլոր միջոցառումները` տարածաշրջանում լեռնահարստացման գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբն ուսումնասիրել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետևանքով Արաքս գետի հնարավոր աղտոտման հարցը։

Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` ներկայացնելով Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի` Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքները։

«Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած համատեղ խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել է նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենը, քննարկվել են կոմբինատի գործունեության ընթացքում առաջացող կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև դրանց՝ դեպի Արաքս գետ հոսքը կանխելու ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքները»,– հայտնում է Աբրահամյանը։

Նա նաև նշում է, որ ընկերության տնօրինության առաջարկով այցելել են կոմբինատի պոչամբարի տարածք, տեղում ուսումնասիրվել է հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեության մեջ օգտագործվող ջրերի շրջանառության համար նոր շահագործման հանձնված փակ համակարգը, ներկայացվել են կեղտաջրերի հոսքը դեպի Արաքս գետ կանխելու ուղղությամբ ընկերության կողմից իրականացված միջոցառումները:

Այցելության ընթացքում աշխատանքային խումբն արձանագրել է, որ կոմբինատը կատարել է ջրերի շրջանառության փակ համակարգի ներդրման պարտավորությունը, գետի աղտոտման, կեղտաջրերի արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել:

Այդուհանդերձ, կողմերը համաձայնություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և իրականացնել հնարավոր բոլոր միջոցառումները, այդ թվում՝ հետագայում ցանկացած պահի համապատասխան նմուշառումների միջոցով, տարածաշրջանում լեռնահարստացման գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստան էր ժամանել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio