Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին Մոսկվայում
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Տեղեկությունը «Արմենպրեսին» հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:
Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը: Նշվել էր, որ սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջև նախատեսվում է ստեղծել մինչև տարեվերջ:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում կլինի դեկտեմբերի 1-3-ը: Գրիգորյանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին:
armeniasputnik.am