Անկարան մեծ ուշադրությամբ է առաջ տանելու Երևանի հետ երկխոսությունը. Թուրքիայի փոխնախագահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i158974-Անկարան_մեծ_ուշադրությամբ_է_առաջ_տանելու_Երևանի_հետ_երկխոսությունը._Թուրքիայի_փոխնախագահ
Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այլև ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2021 13:50 Asia/Tehran
  • Անկարան մեծ ուշադրությամբ է առաջ տանելու Երևանի հետ երկխոսությունը. Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այլև ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն այս մասին ասել է 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, հայտնում է Anadolu-ն։

Օքթայի խոսքով՝ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է։

Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ Անկարան Երևանի հետ երկխոսությունն առաջ է մղելու շատ ուշադիր և Բաքվի հետ սերտ համակարգելով։

Օքթայը կրկին խոստովանել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան ակտիվորեն օգնել է Ադրբեջանին։

«Պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել։ Նոր իրողությունները պարարտ հող են ստեղծել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», - ասել է Թուրքիայի փոխնախագահը։

Քաղաքական գործիչն ուշադրություն է հրավիրել «3 + 3» տարածաշրջանային հարթակ ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնության վրա։

Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։ Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Երևանն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել, մամուլում շրջանառվում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի անունը։

Երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։

armeniasputnik.am