Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i161258-Արմեն_Սարգսյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Ղազախստանի_նախագահի_հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 11, 2022 17:59 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Զրույցի ընթացքում նախագահ Տոկաևը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

«Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում Ղազախստանում վերջնականապես կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը, իսկ հետևանքների հաղթահարումը ապագայի նոր ճանապարհ կբացի Ղազախստանի և նրա ժողովրդի համար։

Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է Ղազախստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման Հայաստանի պատրաստակամությունը:

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։

Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։

ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։

armeniasputnik.am