Վահագն Խաչատուրյանը պաշտոնապես արդեն ՀՀ 5-րդ նախագահն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i166680-Վահագն_Խաչատուրյանը_պաշտոնապես_արդեն_ՀՀ_5_րդ_նախագահն_է
Վահագն Խաչատուրյանը պաշտոնապես արդեն ՀՀ հինգերորդ նախագահն է։ Նա երդվեց ՀՀ սահմանադրության և Սուրբ գրքի վրա, Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2022 09:52 Asia/Tehran
  • Վահագն Խաչատուրյանը պաշտոնապես արդեն ՀՀ 5-րդ նախագահն է

Վահագն Խաչատուրյանը պաշտոնապես արդեն ՀՀ հինգերորդ նախագահն է։ Նա երդվեց ՀՀ սահմանադրության և Սուրբ գրքի վրա, Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Երդվում եմ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում», - իր խոսքում ասաց նախագահը։

Նախագահի երդումից հետո խոսեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Իր խոսքում կաթողիկոսն ասաց, որ այսօր երերուն է խաղաղությունը Հայաստանի և Արցախի համար, և խնդիրները լուծելու համար ազգային միասնություն է պետք։

«Պետք է վերականգնել ներհասարակական միասնությունը։ Խռովածություն կա ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում», - ասաց կաթողիկոսը։

Ապա կաթողիկոսը հրավիրեց բոլորին միասնական աղոթքի։

Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։

Վահագն Խաչատուրյանը 90-ականներից ի վեր համարվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:

2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: Խաչատուրյանը 2006թ.-ին ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ. եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:

2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

armeniasputnik.am