Կոչ եմ անում միջազգային կառույցներին ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ. Գրիգորյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i166736-Կոչ_եմ_անում_միջազգային_կառույցներին_ավելացնել_ճնշումը_Ադրբեջանի_նկատմամբ._Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին` հայտնելով, որ հաղորդագրություն է ուղարկել միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2022 07:41 Asia/Tehran
  • Կոչ եմ անում միջազգային կառույցներին ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ. Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին` հայտնելով, որ հաղորդագրություն է ուղարկել միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ–ում մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը խստորեն դատապարտում է ադրբեջանական պետության շարունակվող հանցավոր քաղաքականությունը։ Նա կոչ է անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ այս հանցավոր վարքագիծը դադարեցնելու համար։ Գրիգորյանը նման հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։

Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է` թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով, ավելի քան 100 000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա, ըստ Գրիգորյանի, էլ ավելի է խորացնում հումանիտար այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո։

«Արդյունքում հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել անձանց առողջապահական, երեխաների կրթության իրավունքը»,–գրում է Գրիգորյանը։

 

Նա նշում է նաև, որ ադրբեջանական ԶՈւ-ն արդեն 1 շաբաթ է, ինչ շարունակում է ինտենսիվորեն կրակել Արցախի գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, Ասկերան քաղաք, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Խնուշինակ գյուղեր։ Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։

Այս ամենը, ըստ Գրիգորյանի, միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից։

Մարդու իրավունքների պաշտպանը այս հաղորդագրությունն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին։

Հիշեցնենք, որ մարտի 8-ից Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

https://armeniasputnik.am/20220314/kvoch-em-anum-mijazgajin-karujcnerin-avelacnel-tshnshumy-adrbejani-nkatmamb-grigvorjan-39722447.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio