Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i166814-Նիկոլ_Փաշինյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Ջասթին_Թրյուդոյի_հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 07:59 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։ Վարչապետը կարևորել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի վերջերս կատարած այցը Հայաստան և հույս հայտնել, որ տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն երկու երկրների կառավարությունների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ևս հաստատակամորեն շարժվելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:

Ջասթին Թրյուդոն հայտնել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացմանը:

Հայաստանի և Կանադայի վարչապետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հնարավորությունների, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսության շուրջ:Անդրադարձ է կատարվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

https://www.armenpress.am/arm/news/1077876.html