ՀՀ–ում ՀՌՕ հրետանավորները ԱԹՍ-ների միջոցով ոչնչացրել են պայմանական հակառակորդի ճամբարը
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) հրետանային ստորաբաժանումների զինծառայողները ճամբարային հավաքի շրջանակում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով ոչնչացրել են պայմանական հակառակորդի ճամբարը բարձրլեռնային տեղանքում:
Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հրետանավորները «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարանում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հետախուզել են պայմանական հակառակորդի թիրախները և տվյալները փոխանցել հրետանային ստորաբաժանումներին, որոնք զինված են «Ակացիա» 152 մմ ինքնագնաց հաուբիցներով, 2C12 «Սանի» ականանետային համալիրներով ու «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։
Հրետանային հաշվարկները 1-ից մինչև 15 կմ հեռավորության վրա ոչնչացրել են առանձին և խմբային թիրախները՝ կիրառելով նավիգացիոն սարքավորման, բալիստիկ կայանի, կապի ժամանակակից միջոցների օգտագործման հմտություններ:
Հարավային ռազմական օկրուգը հրթիռային զորքերի ու հրետանու ստորաբաժանումների ճամբարային հավաքներ է անցկացնում Աբխազիայի, Հայաստանի, Հարավային Օսեթիայի ու Աստրախանի մարզի զորավարժարաններում։
Հավաքի նպատակն է հրետանային ստորաբաժանումների փուլային համադրումը, անձնակազմի մարտական ուսուցման կատարելագործումը, հրամանատարների գործնական հմտությունների կատարելագործումը կրակի կառավարման գործում:
Ընդհանուր առմամբ հավաքին մասնակցում են ՀՌՕ ավելի քան 1,5 հազար զինծառայողներ, գործի են դրվել շուրջ 300 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ, քարշակվող «Մստա-Բ» հաուբիցներ, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Սանի» ականանետներ:
armeniasputnik.am