Չպետք է թույլ տալ, որ իրանցի զբոսաշրջիկները հիասթափվեն. Ապրեսյանը` ճանապարհների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i167352-Չպետք_է_թույլ_տալ_որ_իրանցի_զբոսաշրջիկները_հիասթափվեն._Ապրեսյանը_ճանապարհների_մասին
Հայաստանում անընդհատ տեղացող ձյունը դժվարություններ է ստեղծում Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի համար։ Ճանապարհները դժվարանցանելի են և Սյունիքի մարզում անգամ օպերատիվ շտաբ է բացվել, որպեսզի կարողանան իրանցի զբոսաշրջիկներին տեղավորել մինչև ճանապարհները բացվելը։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2022 08:24 Asia/Tehran
  • Չպետք է թույլ տալ, որ իրանցի զբոսաշրջիկները հիասթափվեն. Ապրեսյանը` ճանապարհների մասին

Հայաստանում անընդհատ տեղացող ձյունը դժվարություններ է ստեղծում Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի համար։ Ճանապարհները դժվարանցանելի են և Սյունիքի մարզում անգամ օպերատիվ շտաբ է բացվել, որպեսզի կարողանան իրանցի զբոսաշրջիկներին տեղավորել մինչև ճանապարհները բացվելը։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նշենք, որ Իրանում նշվում է Նոր տարին` Նովրուզը, և տոնի կապակցությամբ առաջիկա օրերին զբոսաշրջային հոսք է սպասվում Իրանից Հայաստան, հատկապես ցամաքային ճանապարհով։

Ապրեսյանի խոսքով` եղանակային պայմաններով պայմանավորված իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողնում զբոսաշրջության վրա։

«Մենք ամեն ինչ պետք է անենք, հնարավոր բոլոր ուժերը ներգրավենք, որպեսզի կարողանանք շուտափույթ ճանապարհների հարցը լուծել և դրանք բացելու պատշաճ գործընթացն ապահովենք, այլապես բոլոր պլանավորված այցելությունները կխափանվեն, քանի որ բոլորը պատրաստվել են, հյուրանոցներն ամրագրված են, հատկապես չպետք է թույլ տալ, որ իրանցի զբոսաշրջիկները հիասթափություն ապրեն։ Ամեն ինչ պետք է անել, որ նրանց այցը Հայաստան և հանգստի կազմակերպումը պատշաճ մակարդակով կազմակերպվի»,–ասաց Ապրեսյանը։

Անդրադառնալով օդային տարածքով Իրանից Հայաստան թռիչքներին, Ապրեսյանը նշեց, որ այստեղ խնդիրներ չկան, հետաձգված կամ չեղարկված թռիչքներ չկա։

«Վերջին օրերին արդեն 7-8 չվերթ է իրականացվել Իրանից–Հայաստան։ Նովրուզի հետ կապված` մինչև ապրիլի սկիզբ մոտ 30 չվերթ է նախատեսված, որից 24–ը` զգոսաշրջության նպատակով։ Միայն օդային տարածքով նախատեսվում է, որ մոտ 3000 իրանցի զբոսաշրջիկներ կժամանեն ՀՀ»,–ասաց նա։

Ապրեսյանը համոզված է, որ իրանցի զբոսաշրջիկների զգալի մասը ՀՀ են գալու ցամաքային տարածքով, ուստի պետք է հնարավորինս շուտ ճանապարհների բացման աշխատանքներն ավարտին հասցնել։

armeniasputnik.am