Հայաստանում սեփական ապրանքանիշի զրահամեքենաներ կսկսեն հավաքել
https://parstoday.ir/hy/news/armenia-i168482-Հայաստանում_սեփական_ապրանքանիշի_զրահամեքենաներ_կսկսեն_հավաքել
Հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով շասսիները մեքենաների համար կպատրաստվեն Ռուսաստանում, «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2022 15:03 Asia/Tehran
  • Հայաստանում սեփական ապրանքանիշի զրահամեքենաներ կսկսեն հավաքել

Հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով շասսիները մեքենաների համար կպատրաստվեն Ռուսաստանում, «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։

Չարենցավանի հաստոցաշինական գործարանում առաջիկա ամիսներին սեփական ապրանքանիշի ներքո զրահամեքենաներ կսկսեն հավաքել։ Այս մասին Երևանում ընթացող ArmHighTech ցուցահանդեսի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ձեռնարկության տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը։

Արտադրությունն իրականացվում է «Ռիդա» ռուսական գործարանի հետ համագործակցությամբ, որը զբաղվում է մեքենաների զրահավորմամբ և հայտնի է «Բուրան» մոդելով։

Անցած տարի Չարենցավանի գործարանը երկու նմուշ էր հավաքել, որը ներկայացրել են պաշտպանության նախարարությանը փորձարկման համար։ Զուգահեռաբար, հայ մասնագետները վերապատրաստում էին անցնում Նիժնի Նովգորոդի գործընկեր գործարանում։

Աշխատանքներն ուզում են սկսել SKD տեխնոլոգիայով հավաքումից, սակայն մինչև տարեվերջ զրահապատ ապակիների արտադրությունը ցանկանում են տեղայնացնել։

«Սադկո» ԳԱԶ-3308 (որի վրա հիմնված է նաև «Բուրանը») ամենագնացի օրինակով շասսիները կպատրաստվեն Ռուսաստանում, բայց հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով։

«Մոդելներն էլ կարող են մի քանիսը լինել` 5, 6, 10 տեղանոց, պիկափներ կամ կիսապիկապներ, տարհանման մեքենաներ և այլն։ Մնացածը որոշում է պաշտպանության նախարարությունը», – հավելեց Մեհրաբյանը։

Նոր մեքենան կկրի «Լուսան» անվանումը։ Արտադրության տեղայնացումը բավարար էր, որպեսզի Ավտոմոբիլային ինժեներների միությունը (Society of Automotive Engineers, SAE) Չարենցավանի գործարանին շնորհեր արտադրողի նույնականացման (WMI) կոդ։ Հետևաբար «Լուսանները» VIN կոդեր կստանան։ Մեքենաները նաև ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սերտիֆիկացում կանցնեն։

«Մեր հիմնական պատվիրատուն, իհարկե, կլինի ՊՆ–ն, սակայն գնորդ կարող են լինել նաև քաղաքացիական կազմակերպությունները, օրինակ` բանկերը։ Արտահանման վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ ևս ունենք։ Մինչև տարեվերջ, կարծում եմ, կհաստակեցնենք դրանք», – հավելեց նա։

ArmHighTech ցուցահանդեսն անցկացվեց մարտի 31-ից ապրիլի 2-ը, ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան մշակումներ։

armeniasputnik.am