Լաստանավային փոխադրումների սուբսիդավորումը կնվազեցնի ռիսկերը. Վահան Քերոբյան
Լարսի ավտոճանապարհը երկարատև փակ լինելու վտանգ այս պահին չկա: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Հիմա եղանակային պայմաններն այնպիսին են, որ օրվա ընթացքում կարող է Լարսը փակվել ու բացվել, սակայն այս պահին երկարաժամկետ փակ լինելու վտանգ չկա: Քանի որ Հայաստանում դեռ չենք լուծել այլընտրանքային բեռնափոխադրումների հարցը, հետևաբար այդ ռիսկը միշտ էլ կա: Եթե կհիշեք, նախորդ տարի ապրիլին Լարսը փակվել էր ու գարնանացանի սերմնացուի մի մասը տեղ չէր հասել»,-ասաց նախարարը:
Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ կառավարությունը հավանության է արժանացրել լաստանավային փոխադրումների սուբսիդավորման ծրագիրը, որը վերջնական երկրորդ փուլով կհաստատվի մեկ շաբաթ անց: Նա ընդգծեց, որ ծրագրի գործարկմամբ բեռնափոխադրումների ճանապարհային ռիսկերն ավելի քիչ կլինեն:
lragir.am