Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i171178-Արմեն_Գրիգորյանն_ու_Վրաստանի_վարչապետը_քննարկել_են_տարածաշրջանային_անվտանգությանը_վերաբերող_հարցեր
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2022 14:11 Asia/Tehran
  • Արմեն Գրիգորյանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը Վրաստանի վարչապետին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Երկուստեք բարձր է գնահատվել վարչապետ Փաշինյանի և վարչապետ Ղարիբաշվիլիի ջերմ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների նման դրական որակը կփոխանցվի հայ-վրացական համագործակցությանը՝ այլ մակարդակներում:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների ընթացքը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, ինչի համատեքստում Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների լուծման և տարածաշրջանում կայունության պահպանման վերաբերյալ:

Քննարկվել են տարածաշրջանային տնտեսական և հումանիտար հարցերում Վրաստանի միջնորդության հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա՝ ինչի շրջանակներում կիսվել են իրենց երկրների մարտահրավերների կառավարման փորձով:

armenpress.am