Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին․ միանգամից փախան դահլիճից․ Արթուր Հովհաննիսյան
«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին: Ընդդիմադիրները այդ փաստով պայմանավորված միանգամից փախան դահլիճից, որովհետև, ըստ էության, ընդդիմությունը ճշմարտությունից մշտապես փախել է, և սա էլ բացառություն չէ»,-ասաց Հովհաննիսյանը:
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը կառավարության հետ հարցուպատասխանի օրը փախել է ճշմարտությունից, եթե ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող փողոց դուրս գալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ընդդիմադիրների կողմից ԱԺ նիստերի դահլիճը լքելուն, երբ դրանից առաջ վարչապետը հայտարարել էր, որ շատ կարևոր բացահայտում ունի:
Իսկ թե ո՞րն էր վարչապետի ասելիքի բովանդակությունը՝ Հովհաննիսյանը նշեց, որ Փաշինյանն իր ասելիքը կասի՝ նայելով ընդդիմադիրների աչքերին: «Երբ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքը՝ ընդդիմադիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախչեն այդ ճշմարտությունից»,-նշեց պատգամավորը: