Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նվազեցնել մուտքի տուրքերն ավտոմեքենաների համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i171854-Հայաստանն_ու_Իրանը_պայմանավորվել_են_նվազեցնել_մուտքի_տուրքերն_ավտոմեքենաների_համար
Հայաստանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոմեքենաների մուտքի մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ: Այս մասին Երևանում կայացած հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում լրագրողներին հայտնել է ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մայիս 12, 2022 13:23 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նվազեցնել մուտքի տուրքերն ավտոմեքենաների համար

Հայաստանն ու Իրանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոմեքենաների մուտքի մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ: Այս մասին Երևանում կայացած հայ-իրանական գործարար համաժողովի ընթացքում լրագրողներին հայտնել է ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ հայկական պետական համարանիշներով մեքենաներն այս տարվա մայիսի 21-ից սկսած` Իրան մուտք գործելու համար կվճարեն 120 դոլար:

«Տուրքերը հիմա էլ են գանձվում։ Իմ տեղեկություններով ՝ հայկական մեքենաները վճարում են մոտ 240 դոլար, իրանական ավտոմեքենաները նույնպես վճարում են Հայաստանի սահմանը հատելիս։ Այժմ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ: Ամենայն հավանականությամբ` երկու կողմերի մուտքի վճարների չափերը զգալիորեն կնվազեն, նախնական պայմանավորվածություն արդեն կա»,-նշել է Կոստանյանը։

Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան գազի մատակարարումների ավելացման հնարավորությանը, ապա Կոստանյանը նշել է, որ ավելի վաղ մի շարք խնդիրների պատճառով մատակարարումները կրճատվել էին, այժմ դրանց ծավալը վերականգնվել է:

«Նաև լավ հնարավորություն է ստեղծվել ապագայում դրանք մեծացնելու համար»,-ասել է առևտրային կցորդը:

Հիշեցնենք, որ Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը քննարկում է Հայաստան գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը: