Միշելի հայտարարության մեջ հայկական կողմի համար կան ակնհայտ վտանգավոր դրվագներ. Բոզոյան
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը։
Ղարաբաղյան հիմնախնդիրն արդեն վերածվել է լոկ էթնիկ հայերի անվտանգության պահպանության հարցի։ 20 տարվա ամբողջ աշխատանքը, մադրիդյան սկզբունքները փաստացի դուրս են եկել օրակարգից, և միայն մնացել է արցախահայության անվտանգության հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծելով երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Նրա խոսքով` այս ամենն այսօրվա ՀՀ իշխանության վարած արտաքին քաղաքականության լիակատար տապալումն է, որը սպառնում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգությանը։
Բոզոյանի կարծիքով` դժվար է ասել, թե հիմա սեղանին կդրվի ստորագրվելիք որևէ փաստաթուղթ, որովհետև աշխարհաքաղաքական զարգացումները ՌԴ-ի ու Եվրամիության միջև առաջացրել են մեծ լարվածություն, և կատաղի պայքար է գնում ուկրաինական ուղղությամբ։ Հետևաբար, չի բացառվում, որ նման պայքար կծավալվի նաև մեր տարածաշրջանում։
Ըստ նրա` բոլոր այն կետերի շուրջ, որոնք նշել էր Շառլ Միշելը, ընթացել են եռակողմ բանակցություններ նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, հետևաբար, Արևմուտքն ու ՌԴ-ն փորձելու են մրցակցել տվյալ գործընթացում որոշիչ դեր ստանձնելու համար։
Քաղաքագետի գնահատմամբ` մեզ համար ամենավտանգավորն այն է, որ կոնկրետ ղարաբաղյան հարցում Շառլ Միշելի կողմից ոչ մի հղում չկա նախկինում շրջանառված փաստաթղթերին, ուստի կարելի է ասել, որ Արցախի կարգավիճակի խնդիրը հավասարվել է միայն տեղի հայության անվտանգության պահպանման հարցին։
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: