Իրավիճակը հեշտ չէ հավաքական անվտանգության մեր բոլոր երեք տարածաշրջաններում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երեւանում կայացած ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի մասնակիցները մեծ ուշադրություն են դարձրել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության վիճակին։ Իրավիճակը հեշտ չէ հավաքական անվտանգության մեր բոլոր երեք տարածաշրջաններում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Երեւանում կայացած ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով։
«Ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանին, ապա այնտեղ այն վատթարանում է»,- հայտարարել է Զասը։ Նրա խոսքով, միջազգային անվտանգության հետ կապված իրավիճակի մասին նախարարների հայտարարությունը խոր մտահոգություն է արտահայտում միջազգային անվտանգության համակարգի շարունակվող դեգրադացիայի կապակցությամբ։ Դիրքորոշում է հնչել հավասար եւ անբաժանելի անվտանգության սկզբունքի խստիվ պահպանման, որոշ պետությունների՝ մյուսների հաշվին ուժեղացնելու անթույլատրելիության մասին։ Աջակցություն է հայտնվել նաեւ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերի ամրապնդմանը։
Երկրորդ հարցը ճգնաժամային արձագանքման բարելավմանն ուղղված աշխատանքների քննարկումն է եղել։ «Սա հայկական կողմի առաջնահերթությունն է։ Առաջին գործնական փորձը ձեռք է բերվել Ղազախստանում գործողության ընթացքում։ Այն կատարելագործման լավ հիմք տվեց»,- ասել է Զասը։ Նա նշել է, որ ԱԳ նախարարներին տեղեկացրել է այս ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ «Խոսքը իրավական դաշտի շտկման, կառավարման մարմինների ու զորքերի, այդ թվում՝ ՀԱՊԿ աշխատանքային մարմինների պատրաստման համակարգի բարելավման մասին է, մի շարք խնդիրներ լուծում ենք»,- նշել է Զասը՝ շնորհակալություն հայտնելով առաջարկությունների եւ նախաձեռնությունների համար, որոնք հնչել են նախարարների խորհրդի նիստում։
news.am