Հակառակորդի կողմից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
«Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 28-ին ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել Ջերմուկում տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը, որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Կատարվում է նախաքննություն:
https://armenpress.am/arm/news/1093760.html