Բանակցում ենք Վրաստանի, ԵՄ-ի հետ. Քերոբյանը` լաստանավային փոխադրման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i183622-Բանակցում_ենք_Վրաստանի_ԵՄ_ի_հետ._Քերոբյանը_լաստանավային_փոխադրման_մասին
Փոթիի նավահանգստի տնօրինությունը փորձում է չընկնել պատժամիջոցների ազդեցության տակ, բավականին բարդ աշխատանք է տարվում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2022 14:29 Asia/Tehran
  • Բանակցում ենք Վրաստանի, ԵՄ-ի հետ. Քերոբյանը` լաստանավային փոխադրման մասին

Փոթիի նավահանգստի տնօրինությունը փորձում է չընկնել պատժամիջոցների ազդեցության տակ, բավականին բարդ աշխատանք է տարվում։

Այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Global Investment Forum Global Innovation Forum 2022 Life Altering Technologies» ներդրումային համաժողովի շրջանակում պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում լաստանավային հաղորդակցության գործարկումը, որը նախատեսվում էր դեռ օգոստոսին:

«Այն մեխանիզմը, որը մեզ առաջարկվում էր Փոթիի նավահանգստի կողմից, թույլ չէր տալիս, որ մենք կարողանայինք կանոնավոր հաղորդակցություն ունենալ: Նավահանգիստն իրեն իրավունք էր վերապահում ցանկացած բեռ ցանկացած ժամանակով կանգնեցնել, ստուգել և այլն: Հիմա, այնուամենայնիվ, մեր բանակցություններն ընթանում են նրա վերաբերյալ, որ կարողանանք հստակ պլանավորված և ժամկետներով սահմանափակված գործընթացներ ունենալ, որպեսզի իմանանք, որ բեռի տվյալները ստանալուց հետո նավահանգիստը շատ կարճ ու հայտնի ժամանակում կթողնի կամ չի թողնի: Չթողնելու դեպքում էլ իմանանք, թե ինչ պատճառով»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ մոտենում է ձմեռը, և հայկական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի հարցը լուծվի մինչև վատ եղանակի վրա հասնելը։

Հայաստանը բանակցությունները շարունակում է Փոթիի նավահանգստի, Վրաստանի կառավարության, ԵՄ-ի, Փոթիի նավահանգստի մայր ընկերության հետ:

Ինչպես նշեց Քերոբյանը, արդեն եղել են հանդիպումներ ԵՄ ներկայացուցիչների հետ, և ինքը բանակցություններ է վարել վրացի գործընկերոջ հետ։

Հիշեցնենք, որ վրացական Փոթի նավահանգստի և ռուսական Կովկաս նավահանգստի միջև լաստանավային հաղորդակցությունը պետք է մեկնարկեր հունիսի 15-ից։ Օգոստոսի 11-ին Վահան Քերոբյանը հայտնեց, որ այն կգործի առաջիկայում։

Փոթիի նավահանգիստը կառավարում է հոլանդական «APM Terminals»-ի դուստր ձեռնարկությունը, որը պետք է թույլտվություն տա, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։

armeniasputnik.am