Մատենադարանը եզրափակեց «Իրանական ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթացի 2-րդ փուլը
https://parstoday.ir/hy/news/armenia-i185426-Մատենադարանը_եզրափակեց_Իրանական_ձեռագրակազմերի_վերականգնման_տեսական_և_գործնական_դասընթացի_2_րդ_փուլը
«Իրանական ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթացի 2-րդ փուլի շրջանակում Մատենադարանի վերականգնողները յուրացրել են իրանական ձեռագրակազմերի, կարի, կապտալների առանձնահատկությունները և դրանց վերականգնման նրբությունները:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հոկտեմբեր 27, 2022 14:22 Asia/Tehran
  • Մատենադարանը եզրափակեց «Իրանական ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթացի 2-րդ փուլը

«Իրանական ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթացի 2-րդ փուլի շրջանակում Մատենադարանի վերականգնողները յուրացրել են իրանական ձեռագրակազմերի, կարի, կապտալների առանձնահատկությունները և դրանց վերականգնման նրբությունները:

Դասընթացը, որը Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերին նվիրված ծրագրի շարունակությունն է, անցկացվել է 2022-ի հոկտեմբերի 21-29-ը Մատենադարանում:

Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդգծեց, որ դասընթացի շրջանակում հյուրընկալել են Իրանից հատուկ հրավիրված անվանի վերականգնող Համիդ Մալեքյանին: «Յուրացնելով նրա փոխանցած հմտությունները՝ մեր մասնագետները դրանք կկիրառեն պրակտիկայում»,-ասաց նա և հավելեց, որ Մատենադարանում պահվում է ավելի քան  450 հազար իրանական ձեռագիր, որոնց մեծ  մասի վերականգնման համար պետք է սերտել այդ մշակույթին, ձեռագրարվեստին հատուկ նրբությունները:

Տնօրենը հիշեցրեց, որ մի շարք նախաձեռնություններ են իրականացրել հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և  վստահեցրեց, որ ձեռագրերի վերականգնամնը նվիրված ծրագիրը շարունակական կլինի:

Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային էլ շեշտեց, որ վերականգնման բաժնի լավագույն մասնագետին են ընտրել, իսկ Մատենադարանի բաժնի աշխատակիցները փաստում են դա՝ խոսելով երկու փուլով  անցկացվող ծրագրի արդյունավետության մասին:

«Մենք լիահույս ենք, որ կկարողանանք այս ծրագիրն ամենամյա դարձնել, ինչի արդյունքում ոչ մի վնասված ձեռագիր չի մնա Մատենադարանում: Մի քանի օր առաջ Սյունքիում բացվեց  Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որն էլ իր հերթին նոր էջ է բացում հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների մեջ: Այն ևս կարող է խթանել երկու երկրների միջև տարատեսակ  կրթամշակութային, գիտական կապերի զարգացմանը»,-շեշտեց Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:

Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանի խոսքով՝ դասընթացը չափազանց հագեցած է եղել: «Մեր մասնագետները որոշ չափով տիրապետում են իրանական ձեռագրերի վերականգնման տեխնիկային, սակայն երբ մասնագետն է ամեն բան ցույց տալիս, մեր գիտելիքներն ավելի են ամրապնդվում: Մեզ համար Համիդ Մալեքյանը «մարդ-նվագախումբ է», որից կարելի է անընդհատ սովորել»,-ասաց Էլիազյանը:

Մալեքյանի համար Մատենադարանը մեծ բացահայտում է, և նա վատ է զգում, որ այն ըստ արժանվույն գնահատված չէ աշխարհում և բավարար ճանաչված չէ: «Մատենադարանը մեծ գանձ է տարածաշրջանում: Ես փորձել եմ աշխատանքների ընթացքը նկարել և փոքր ֆիլմով իմ լուման ունենալ Մատենադարանն առավել ճանաչելի դարձնելու գործում»,-ասաց վերականգնողը:

Նա շատ տպավորված է մեր մասնագետներով և կարծում է, որ նրանք շատ մեծ պատրաստվածություն ունեն և շատ պրոֆեսիոնալ են:

Ըստ մասնագետների՝ նման դասընթացները շատ կարևոր են Մատենադարանի հավաքածուի պահպանման համար, քանի որ Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերն ունեն վերականգնման այլ ավանդույթներ:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ և Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ: