Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը. Վահագն Խաչատուրյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i186302-Իրաքը_հանդիսանում_է_տարածաշրջանում_Հայաստանի_վստահելի_գործընկերը._Վահագն_Խաչատուրյան
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2022 14:27 Asia/Tehran
  • Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը. Վահագն Խաչատուրյան

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը և մեր երկիրը մեծապես կարևորում է այդ երկրի հետ բազմոլորտ համագործակցության խորացումը:

Իրաքի նախագահն ընդգծել է, որ Իրաքում ապրող հայերը վայելում են Իրաքի իշխանությունների աջակցությունը և իրենք բարձր են գնահատում հայ-իրաքյան սերտ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է դրական դինամիկա, որը երկկողմ տնտեսական լուրջ ներուժի նախանշան է, և այն իրացնելու ուղղությամբ հարկավոր է ջանքեր գործադրել։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական, այդ թվում՝ արաբական երկրների ճնշող մեծամասնության հետ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը մտահոգություն է հայտնել Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի շրջանակում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթի կապակցությամբ, որում նա շահարկել է կրոնական գործոնը Հայաստանի դեմ ուղղված իր մեղադրանքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով և փորձելով իսլամական, այս դեպքում՝ արաբական երկրներին տրամադրել Հայաստանի դեմ: Նախագահ Խաչատուրյանը միանշանակ ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի և չի կարող ունենալ կրոնական երանգ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը պայքարում են իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու իրենց իրավունքի համար։

Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ շփումներն՝ ուղղված տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։