Ադրբեջանը շարունակում է առավելապաշտական քաղաքականությունը և ագրեսիվ հռետորաբանությունը՝ վտանգելով տարածաշրջանի անվտանգությունը. Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հանդիպմանը հաջորդել է խորհրդարանների նախագահների ճեպազրույցը: Ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է.
«Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ կրթություն, մշակույթ, տրանսպորտ, կապ և այլն: Քննարկեցինք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա տեղեկացրել է, որ իր վրացի գործընկերոջ հետ անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին, և չնայած հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին` Ադրբեջանը շարունակում է առավելապաշտական քաղաքականությունը և ագրեսիվ հռետորաբանությունը՝ վտանգելով տարածաշրջանի անվտանգությունը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու պահպանմանն ուղղված քայլերը:
araratnews.am