Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Պապուաշվիլի
https://parstoday.ir/hy/news/armenia-i187110-Վրաստանը_պատրաստ_է_միջնորդ_լինել_Հայաստանի_և_Ադրբեջանի_միջև._Պապուաշվիլի
Վրաստանը պատրաստ է շարունակել միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայ գործընկերոջ` Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2022 16:10 Asia/Tehran
  • Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Պապուաշվիլի

Վրաստանը պատրաստ է շարունակել միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայ գործընկերոջ` Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Վրաստանը պատրաստ է շարունակել միջնորդի դեր կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության օրինակ դառնա»,-ասել է Պապուաշվիլին:

Նա հույս է հայտնել, որ նրանց կհաջողվի ցույց տալ (և առաջին հերթին` երիտասարդ սերունդներին), որ նույնիսկ ամենաբարդ ժամանակներում Կովկասի ժողովուրդներն իրենց իմաստությամբ և համագործակցությամբ կարող են խաղաղ ապագա կառուցել։

Պապուաշվիլին նշել է նաև, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին հարաբերությունների և մշակույթի կոմիտեների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը և կխորացնի փոխգործակցությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ: Նա հավելել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է և բարձր է գնահատել վրացական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:

Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն և դրա հետևանքներին: Հիշեցնենք, որ Սիմոնյանը նոյեմբերի 16-ին երկօրյա այցով մեկնել է Թբիլիսի ։ ՀՀ ԱԺ խոսնակն արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ:

armeniasputnik.am