Հայաստանն իր գոյությամբ հակասում է ԱՄՆ-ի քաղաքականությանն այս տարածաշրջանում. Քաղաքագետ
Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերեն Դոնֆրիդը բաց տեքստով հայտարարում է, որ հիմնական թիրախը Իրանն է, երկրորդ թիրախն այն է, որ այս տարածաշրջանում տեղի չունենա ռուս-իրանական դաշինքի ձեւավորումը եւ կոմունիկացիաների ձեւավորումը:
Այս մասին «Աշխարհում ընթացող գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիրվիրյանը՝ անդրադառնալով Դոնֆրիդի հայտարարությանը, թե «Ադրբեջանին տրվող օգնությունը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին: Օգնությունը նախատեսված է Ադրբեջանի սահմանների անվտանգության ապահովմանը եւ արդյունքներ է տվել Իրանից եկող սպառնալիքների հակադարձմանը: Այդ թվում խաթարել է Հարավային Կովկասով, Իրանով եւ Ռուսաստանով անցնող մաքսային երթուղիները»:
«Անզեն աչքով էլ երեւում է, որ վերջին մեկ տարվա զարգացումներում ՌԴ-ն հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրեն պետք են նոր ճանապարհներ, մասնավորապես, այս տարածաշրջանով դեպի Հնդկաստան: Իրանով դեպի Հնդկաստան դուրս գալու համար Ռուսաստանն ունի երկու ճանապարհ. Մեկը Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով: ԱՄՆ-ն բաց տեքստով ասում է, որ այդ կոմունիկացիաները ինքը չպետք է թույլ տա, դրա համար են աջակցում Ադրբեջանին:
Արեւմուտքը փորձելու է տարածաշրջանի երկրներին ծառայեցնել իր շահերին, այդ թվում Իրանի ու Ռուսաստանի դեմ»«-ընդգծեց Կիվիրյանը:
Նույն խնդրին անդրադարձավ նաեւ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ նշելով. «Հայաստանն Իրանի հետ ունի սահման, որը հսկում են ռուս սահմանապահները: Փաստորեն Հայաստանն իր գոյությամբ այդ քաղաքականության դեմ է, որովհետեւ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, որոնք գնալով ավելի են սերտանում, արդեն ռազմական բնույթ են սկսում ստանալ եւ կան ռուս սահմանապահներ: Այս առումով պետքարտուղարի օգնականի խոսքից բխում է, որ Հայաստանն իր գոյությամբ հակասում է ԱՄՆ-ի քաղաքականությանն այս տարածաշրջանում:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ անդրադարձավ 907-րդ բանաձեւին, նշելով, որ դա օրենքի հոդված է՝ ընդունված դեռեւս 1991-ին, որով նախատեսվում էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել Խորհրդային Միության բոլոր հանրապետություններին, սակայն վերջին պահին մտցվեց 907-րդ հոդվածը, որով նշվում է, որ ԱՄՆ-ն չի կարող օգնություն տրամադրել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի վստահեցրել Կոնգրեսին, որ այդ օգնությունը չի օգտագործվում Հայաստանի եւ ԼՂ-ի դեմ, եւ այնքան ժամանակ չի կարող օգնություն տրամադրել, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:
«2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ամեն տարի սկսեցին այդ բանաձեւը շրջանցել, տրվում են անվտանգային միջոցներ, որոնք, ըստ էության, չեն կարող օգտագործվել Հայաստանի ու Արցախի դեմ: Նաեւ տրամադրում են կապի միջոցներ: Մեզ նույնպես առաջարկել են այդ կապի միջոցները, մենք հրաժարվել ենք, որովհետեւ այդ առաջարկը վերաբերել է հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին: Քանի որ այդ սահմանին կանգնած են ռուսները, անադեկվատ կլիներ, որպեսզի ամերիկյան ինչ-որ հատուկ տեխնոլոգիաներ կամ հետախուզական միջոցներ այդտեղ տեղադրվեին»:
news.am