Մինչև 2028 թվականը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել է գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկում:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԲՏԱ նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Նիկոլ Փաշինյանը նշել է.
Վարչապետին զեկուցվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը: Ընդգծելով այս տարվա ընթացքում հայկական ռազմավարական առաջին արբանյակի տիեզերք արձակման փաստը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2028 թվականը մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ: Նախատեսվում է 2023 թվականին Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը: Այդ նպատակով ընթացքի մեջ է մասնագետների վերապատրաստման գործընթացը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և շեշտել, որ ոլորտի զարգացումը շարունակելու է լինել կառավարության ուշադրության կենտրոնում:
Հաջորդիվ ներկայացվել են Ինժեներական քաղաքի հիմնման, Գերհամակարգչային ազգային կենտրոնի ստեղծման, կիբեռանվտանգության, թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տվյալների ազգային պահոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:
Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի, կապի, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հետևողական ու շարունակական զարգացման ուղղությամբ կառավարության նպատակադրումը և նշել ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ առաջիկայում ներկայացնել այսօրվա խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների ու հարցերի լուծման «ճանապարհային քարտեզ»՝ վերը նշված ուղղություններով առաջ շարժվելու և զարգացում ապահովելու նպատակով:
nt.am