Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում. Էդուարդ Աղաջանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i188024-Հայաստանն_Ադրբեջանի_հետ_բանակցային_գործընթացը_փակուղային_չի_համարում._Էդուարդ_Աղաջանյան
Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 13:48 Asia/Tehran
  • Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում. Էդուարդ Աղաջանյան

Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը փակուղային չի համարում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպման չեղարկումը խոսում է բանակցային գործընթացի փակուղում գտնվելու և սահմանային նոր բախումների հնարավորության մասին։

«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է։ Ընդամենը արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանի Հանրապետությունը այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում։ Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպը այս տեսանկյունից  նորություն չէ։ Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումներին ներկայանալ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում, որ գործընթացը փակուղային է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Աղաջանյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա՝ նշելով, որ հայկական կողմը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ , իսկ դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա։