Հայաստանը ՌԴ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու
https://parstoday.ir/hy/news/armenia-i188962-Հայաստանը_ՌԴ_ի_առանցքային_ռազմավարական_գործընկերն_է_Անդրկովկասում._Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակիցների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2022 16:10 Asia/Tehran
  •    Հայաստանը ՌԴ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակիցների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում։

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ի գծով և առանցքային ռազմավարական գործընկերն Անդրկովկասում: Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և դրա համար գործադրում ենք առավելագույն ջանքերը: Մենք առանձնահատուկ կարևորում ենք երկկողմ համագործակցության զարգացումը և Հայաստանի զինված ուժերի ներուժը բարձրացնելու գործում աջակցության ցուցաբերումը»,- ասել է Սերգեյ Շոյգուն:

Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը։

Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա չորրորդ հանդիպումն է։ Բանակցությունները տեղի են ունենում ԱՊՀ և ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։

«Մենք բարձր ենք գնահատում գագաթնաժողովը կազմակերպելու ձեր նախաձեռնությունն ու ջանքերը: Դեկտեմբերը ճիշտ ժամանակն է արդյունքների ամփոփման և ապագայի ծրագրերի շուրջ խորհելու համար, այսօր մենք կստորագրենք 2023 թվականի պլանը», - ասել է Սուրեն Պապիկյանը:

Մոսկվայում տեղի է ունեցել ՇՀԿ անդամ երկրների և ԱՊՀ մասնակիցների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն։ Հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդումը։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ կոմյունիկե։

armenpress.am