Հունվար 29, 2023 18:31 Asia/Tehran
  • Կահիրեն պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում. Եգիպտոսի նախագահ

Պաշտոնական Կահիրեն հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունի չեզոք դիրքորոշում և կողմերի համաձայնության դեպքում պատրաստ է միջնորդի դեր ստանձնել։

Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին։ Նախագահները, ի թիվ այլ հարցերի, քնննարկել են էներգետիկայի ոլորտին առնչվող հնարավորությունները։

«Այսօր մեր բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել այն առաջխաղացմանը, որին հասել է Եգիպտոսը էներգիայի արդյունահանման ոլորտում, ոչ միայն գազի ոլորտում, այլև կապված կանաչ ջրածնի ազգային ռազմավարության գործարկման հետ։ Սա դարձել է խոստումնալից ներդրումային ուղղություն` հաշվի առնելով արդյունաբերության համար անհրաժեշտ էներգետիկ ռեսուրսների և դրա հետ կապված էներգիայի առկայությունը»,– նշեց Ալ–Սիսին։

Նա ընդգծեց, որ իր այցը, որը պատմական է (Եգիպտոսի նախագահն առաջին անգամ է ժամանում ՀՀ– խմբ.), արտացոլում է Եգիպտոսի հետաքրքրության և Հայաստանի հետ ունեցած իր հարաբերությունների գնահատանքի չափը։

«Եգիպտոսը շահագրգռված է տարբեր ոլորտներում այդ հարաբերությունները զարգացնելու համար։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ Եգիպտոսում հարյուր հազարավոր հայեր են ապրում։ Նրանք մեծ ներդրում են ունեցել ամենատարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային և գեղարվեստական։ Հայերը դրական ազդեցություն են ունեցել եգիպտական հասարակության կյանքի հարստացման գործում»,-ասաց Եգիպտոսի նախագահը։

Անդրադառնալով տնտեսական ոլորտին, Ալ–Սիսին շեշտեց, որ ընդգծվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության, արաբական շուկաներում ՀՀ ապրանքների ներկայացվածության կարևորությունը։

Կողմերը խոսել են նաև ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում ունեցած եգիպտական առաջընթացի ու փորձառության մասին։ Ալ–Սիսին հայտնց, որ իրենց երկրում գործող ընկերությունները միջազգային չափանիշներին համապատասխանող նախագծեր են ներկայացնում, ապա ռեկորդային ժամանակում դրանք իրականացնում։ Նրա խոսքով` Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել փորձառությունը փոխանակելու առումով։

Եգիպտոսի նախագահը հայտնեց, որ ՀՀ գործընկերոջ հետ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային տարածաշրջանային, այդ թվում Մերձավոր Արևելքին ու Հարավային Կովկասին վերաբերող հարցերի։

«Ընդգծվել է երկխոսության, բանակցությունների և քրտնաջան աշխատանքի կարևորությունը համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար։ Սա կարևոր է հատկապես ներկա փուլում, քանի որ ժողովուրդները տառապում են տնտեսական ճգնաժամերի պատճառով»,– ասաց Եգիպտոսի նախագահը։

Նա արձանագրել է, որ պաշտոնական Կահիրեն հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունի չեզոք դիրքորոշում և կողմերի համաձայնության դեպքում պատրաստ է միջնորդի դեր ստանձնել։

Այնուհետև երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր:

Հիշեցնենք, որ նա երկօրյա այցով Երևան է ժամանել հունվարի 28-ին։ 

armeniasputnik.am

Պիտակ