Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Իրանի նախագահին և ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/armenia-i192458-Ամենայն_հայոց_կաթողիկոսը_ցավակցել_է_Իրանի_նախագահին_և_ժողովրդին
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 31, 2023 16:03 Asia/Tehran
  • Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Իրանի նախագահին և ժողովրդին

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի լրատվական բաժնից։

«Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով կան ավերվածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցությունն ու աղոթական զորակցությունն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և Իրանի համայն ժողովրդին», – նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում:

Կաթողիկոսը առողջություն է մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ–արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժի հետևանքով մահացել է 3 մարդ, տուժել է ավելի քան 800-ը։

Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ու Երևան քաղաքում։

Նշենք, որ հունվարի 29-ին նույնպես երկրաշարժ է գրանցվել, այս անգամ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով։