Զարեհ Սինանյանը Հալեպում ծանոթացել է երկրաշարժից հետո հայ համայնքի առջև ծառացած խնդիրներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i194954-Զարեհ_Սինանյանը_Հալեպում_ծանոթացել_է_երկրաշարժից_հետո_հայ_համայնքի_առջև_ծառացած_խնդիրներին
2023թ-ի մարտի 8-ին Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հալեպ է ժամանել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որին ուղեկցում է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2023 12:05 Asia/Tehran
  • Զարեհ Սինանյանը Հալեպում ծանոթացել է երկրաշարժից հետո հայ համայնքի առջև ծառացած խնդիրներին

2023թ-ի մարտի 8-ին Սիրիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հալեպ է ժամանել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որին ուղեկցում է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը:

Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Հալեպում Զարեհ Սինանյանին ընդունել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնել ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կվերացվեն աղետի հետևանքները:

Ողջունելով հյուրերին՝ նահանգապետ Հ. Դիյաբը նշել է, որ Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն առաքեց և Հալեպ գործուղեց հայ փրկարարներին, ովքեր որոնողափրկարարական մեծ ծավալի աշխատանքներ իրականացրեցին ալ-Շաար վարչական շրջանում:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպումից հետո ճանաչողական և քաղաքավարական այցեր է կատարել Բերիո Հայոց Թեմի, Բերիո Կաթողիկե Հայոց Թեմի առաջնորդարաններ և Սիրիայի Հայ ավետարանական համայնքի գրասենյակ:

Նույն օրը երեկոյան Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացել է ընդլայնված կազմով հանդիպում՝ մասնակցությամբ հալեպահայ համայնքապետերի, ավանդական երեք կուսակցությունների  ղեկավար կազմի, Սիրիայի ՀԲԸՄ ատենապետի, «Ջինիշյան» հիշատակի ձեռնարկի տնօրինուհու և Ս.Օ Խաչի շրջանային վարչության ատենապետուհու:

Հանդիպման ընթացքում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ծանոթացել է երկրաշարժից հետո Հալեպի հայ համայնքի առջև ծառացած հիմնախնդիրներին և մտքեր են փոխանակվել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

armtimes.com