Վահան Հունանյանն ազատվել է պաշտոնից. ԱԳՆ-ն նոր խոսնակ ունի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հունանյանը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: Նա նաև տեղեկացրել է, որ խոսնակի պարտականություններն այսուհետ կատարելու է Անի Բադալյանը:
«Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԳ նախարար պարոն Արարատ Միրզոյանին՝ օրինակելի առաջնորդության, համատեղ աշխատանքի ու ցուցաբերած վստահության համար։ Ինձ համար մեծ պատիվ, բարձր պատասխանատվություն ու անհամեմատելի փորձառություն էր մեր երկրի համար շատ կարևոր այս մեկուկես տարվա ընթացքում դիվանագիտական առաջնագծում լինելը։ Մեկուկես տարի, որն անցավ կարծես մեկուկես վայրկյանում, բայց նաև մի ամբողջ կյանք էր։
Հեշտ չի եղել, բայց միասնական ջանքերով շարժվել ենք առաջ։ Այս ամբողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունն աշխատել է 120%-ով՝ մեր երկրի առջև ծառացած բազում անվտանգային և այլ բնույթի մարտահրավերները հաղթահարելու համար և, վստահաբար, կշարունակի դա անել՝ մինչև հասնենք խաղաղ նավահանգիստ։
Շնորհակալ եմ ԱԳՆ ու տարբեր պետական գերատեսչությունների, ԶԼՄ-ների ու հասարակական սեկտորի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:
Իհարկե, մեծ շնորհակալություն ինձ հետ աշխատած ԱԳՆ մամուլի կուռ թիմին․ դուք մշտապես իմ մտքում ու սրտում եք»,- գրել է նա՝ շեշտելով, որ շարունակելու է դիվանագիտական ծառայությունս ԱԳՆ համակարգում։