Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i196298-Հայաստանը_մասնակցել_է_ՀԱՊԿ_զորավարժությունների_նախապատրաստման_բանակցություններին
ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների նախապատրաստման առաջին շտաբային բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է շտաբի մամուլի ծառայությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 30, 2023 18:06 Asia/Tehran
  • Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններին

ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների նախապատրաստման առաջին շտաբային բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է շտաբի մամուլի ծառայությունը։

Մարտի 28-30 անցկացված բանակցություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:

2023 թվականին ՀԱՊԿ զորքերի հետ զորավարժությունները կանցկացվեն «Մարտական եղբայրություն» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության տեսքով։ Նշվում է, որ սա կազմակերպության ձևաչափով համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է:

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտու տարբեր շրջաններում կգործարկվեն Հավաքական անվտանգության համակարգի բոլոր տարրերը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են համատեղ զորավարժությունների անցկացման մտահղացումները, զորավարժություններին ներգրավվող կառավարման մարմինների և զորքերի կազմը, ղեկավարման կազմակերպմանը վերաբերող հարցեր:

«Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակներում պլանավորվել են համալիր միջոցառումներ։

Հաղորդագրության մեջ նշված է, որ նախատեսվում է Բելառուսի տարածքում առաջին անգամ անցկացնել ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության «Արգելապատնեշ-2023» հատուկ վարժանքը։

Հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժության ավարտական փուլում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը:

Ղրղզստանի տարածքում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները՝ խաղաղապահ գործողության անցկացմամբ։

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է ՀՀ-ում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին: Փետրվարի կեսերին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտնել էր, որ զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում:

Շտաբային բանակցությունները տեղի են ունեցել մարտի 28-30-ը։

armeniasputnik.am