Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել նոր դեսպանի ընտրության կապակցությամբ
Երևանում ԻԻՀ դեսպանատունը հայտարարել է. «Դեսպանատունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ նոր դեսպան պարոն Սոբհանիի՝ զինվորական լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Պարոն Սոբհանին, ինչպես և Հայաստանում Իրանի նախկին դեսպան պարոն Զոհուրին, մասնակցել է Իրան-Իրաք ութամյա պատերազմին»:
Դեսպանատունն ափսոսանք է հայտնել Երևանում Իրանի նոր դեսպանի ընտրության նպատակի և նրա գործունեության մասին կեղծ լուրերի հրապարակման կապակցությամբ:
Դեսպանատան հայտարարության մեջ նաև ասաված է. «Պարոն Սոբհանին, որպես պրոֆեսիոնալ դիվանագետ, առաքելություն է իրականացրել Ադրբեջանում, Պակիստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում և Սիրիայում, ղեկավարել է ԻԻՀ ԱԳՆ կլենտրոնական գրասենյակները: Թեհրանում նրա վերջին առաքելությունը եղել է ԱԳՆ ռազմավարական պլանավորման և մոնիտորինգի գրասենյակի գլխավոր տնօրեն:
Իրանի ԱԳՆ կանոնակարգի համաձայն՝ դեսպանների պաշտոնավարման համար սահմանված է երեք տարի: Եվ նկատի առնելով, որ պարոն Զոհուրիի պաշտոնավարման ժամկետից անցել է ավելի քան երեք տարի, պարոն Սոբհանիի՝ Երևանում ԻԻՀ նոր դեսպանի պաշտոնը զբաղեցնելու իրավական գործընթացը մեկնարկել է:
Վստահ ենք, որ պարոն Սոբհանիի պաշտոնավարման ընթացքում, որը կմեկնարկի երկու երկրներում համապատասխան իրավական գործընթացներն անցնելուց հետո, Իրանի ու Հայաստանի միջև տարբեր ոլորտներում զարգացած հարաբերությունների հիմամբ, նա կպաշտպանի մեր երկրի և այս զգայուն տարածաշրջանում բոլոր հարևանների շահերը»: