Մարսի ճանապարհը՝ Հայաստանով․ Հայաստանի լեռները կդառնան Կարմիր Մոլորակը «զգալու» վայր
«Հայաստանն իր ներկայությունն արդեն ունեցել է Մարսում։ Խորհրդային միության առաջին մարսագնացը պատրաստվել է հայի կողմից»։
Հայաստանում է Ավստրիական տիեզերական ֆորումի ղեկավար, տիեզերագնացային ոլորտի մասնագետ Գերնոթ Գրոմերը։ Նրա նախաձեռնությամբ հաջորդ տարվա մարտին Հայաստանում կկազմակերպվի հեռավոր մոլորակի կենսապայմանները փորձարկելու առաքելություն, որը կլինի 14–րդ միջազգային խոշոր փորձարկումը։
Ավստրիացի մասնագետի կարծիքով՝ Հայաստանը կարմիր մոլորակի երկրաբանական երկվորյակն է։ Տպավորիչ նմանություն ունեն հատկապես ժայռոտ սարահարթերը։
Հայաստանում՝ «մարսանման» տեղանքում և Ավստրիայում՝ առաքելության կենտրոնակայանում կաշխատեն ավելի քան 25 ազգությունների ներկայացուցիչներ։
«Այժմ մենք կենտրոնացել ենք ճշգրիտ վայրը որոշելու հարցի շուրջ։ Մենք բացահայտել ենք մի շարք հետաքրքիր ժայռային կառուցվածքներ, որոնք կարծես Մարսի կրկնօրինակը լինեն։ Ամենայն հավանականությամբ հենց այդտեղ էլ կկենտրոնանանք ու կտեղակայենք մեր կայանը»։
Դոկտոր Գերնոթ Գրոմերը պատմում է, որ 2024 թվականի առաքելության համար նախապես ընտրված թեկնածու երկրները Հայաստանից բացի Եգիպտոսը, Բահրեյնն ու Ավստրալիան էին։
Ըստ նրա՝ Հայաստանը հարուստ է ինքնատիպ տեսլականով մարդկանցով, որոնցից մեկի՝ Հայկ Ասլանյանի նախաձեռնությամբ էլ Հայստանը մասնակցել է ընտրության փուլին։ Մեկ տարվա ընթացքում որոշվել է լավագույն թեկնածուն, և Ավստրիայի տիեզերական ֆորումը հասել է Հայաստան։
«Առաքելությունը, որպես այդպիսին, այստեղ կտևի 1 ամիս։ Դա նշանակում է, որ մոտ 3 շաբաթ կտևի մեկուսացումը։ Առաքելության մասնակիցները ներգրավված կլինեն մի շարք հատուկ ընտրված գիտափորձերում՝ կապված ռոբոտատեխնիկայի և երկրաբանական գիտություններում մարդու գործոնի հետ։ Կփորձարկվի Ավստրիայում տեղակայված կենտրոնի հետ կապը։ Այդ կենտրոնը կլինի, այսպես ասած, երկիրը, և առաքելության մասնակիցները կկառավարվեն այնտեղից»։
Մայր Մոլորակում Կարմիր մոլորակի կենսապայմանները փորձարկող խմբի ղեկավարը խոստանում է՝ Հայաստանում չեն սահմանափակվի միայն «մարսանման» տեղանքով։
Թիմը կճամփորդի երկրով մեկ, «հարևան մոլորակի» մասին երիտասարդներին պատմելու համար կայցելի դպրոցներ, համալսարաններ, տեխնիկական քոլեջներ։
«Այժմ մենք այստեղ ենք արդեն 2–րդ անգամ` շահագրգիռ կողմերի՝ հայկական և ավստրալական տիեզերական ֆորումի մասնակիցների միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար։
Երբ արշավախմբի ամբողջ անձնակազմը ժամանի այստեղ, տասնյակ տոննայի տեխնիկա կբերվի Հայաստան։ Ամենայն հավանականությամբ դա կլինի փետրվարին։ Ուստի բուն առաքելությունը կսկսվի մարտի 2–րդ շաբաթվա ընթացքում»։
– Այսպիսով Հայաստանը կմտնի մարսագնացության պատմության մեջ /հեղ․/
– Այո, ես կասեի անկախ նրանից ինչպիսին կլինի Մարս հասնելու իրական առաքելությունը, Հայաստանի նորարարական ոգին կլինի այնտեղ ճամփորդություն կատարել պատրաստվողների հետ։
– Իսկ երբ կսկսվի մարսագնացության իրական պատմությունը / հեղ․/
– Մարսագնացության իրական պատմությունը արդեն սկսվել է՝ մարդկանց միջոցով՝ ռոբոտատեխնիկայի շնորհիվ։
Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384 հազար կիլոմետր է։ Երկրի և Մարսի միջև հեռավորությունը` ավելի քան 130 միլիոն կիլոմետր։
Դեռ Լուսինը չյուրացրած տիեզերագնացային ոլորտի խաղացողները մտածում են թույլ ձգողականության ուժով հեռավոր մոլորակը նվաճելու մասին։
Ամերիկյան հրթիռաշինական հսկա SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարում է՝ մինչև 2050թ․-ը Կարմիր Մոլորակի վրա կգործի մարդկանցով բնակեցված քաղաք։
Մասկի հետ համակարծիք է նաև Հայաստանը Մարսի երկրաբանական երկվորյակ համարող Ավստրիական տիեզերական ֆորումի ղեկավարը։
Ըստ Գերնոթ Գրոմերի՝ եթե մարդը Մարսի վրա ոտք դնի հաջորդ 20–30 տարվա ընթացքում, այդ ժամանակ նա, տիեզերագնացային պահանջներից ելնելով, կլինի 45 տարեկան։ Դա նշանակում է, որ առաջամարտիկն արդեն ծնվել է։ Հնարավոր է այժմ նա հաճախում է տարրական դպրոց՝ Նյու Յորքում, Պեկինում, կամ Երևանում։
Մասնագետը հավատում է՝ Կարմիր մոլորակ հասնելու պահը կլինի տպավորիչ ժամանակաշրջան, այժմ ապրողներից շատերը կտեսնեն դա։
news.am