Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել. Ալիև
(last modified Thu, 27 Apr 2023 15:00:49 GMT )
Ապրիլ 27, 2023 18:30 Asia/Tehran
  • Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել. Ալիև

Ապրիլի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային։

Ալիևը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, պաշտոնական Երևանին առաջարկված խաղաղության պայմանագրին՝ բաղկացած հինգ կետից:

Նա ասել է, թե իբր եռակողմ հայտարարության ստորագրումից հետո «Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները» (չակերտները՝ Tert.am)։

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, այս համատեքստում Ալիևն ընդգծել է, որ Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել, «իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի տարածքից» (չակերտները՝ Tert.am), որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, և «Լաչինի միջանցքն օգտագործում է դեպի Ղարաբաղ զենք, զինամթերք և զինտեխնիկա տեղափոխելու համար» (չակերտները՝ Tert.am):

Խոսելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում, ապօրինաբար անցակետ տեղադրելու մասին՝ Ալիևը նշել է, որ դա «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է» (չակերտները՝ Tert.am) և «տարածքային ամբողջականության» (չակերտները՝ Tert.am) ապահովման միջոց։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

tert.am