Ալիև. Ժամանակն է, որ Երևանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i202958-Ալիև._Ժամանակն_է_որ_Երևանը_թղթի_վրա_վերահաստատի_իր_հայտարարությունները
Ադրբեջանի նախագահը պնդում է՝ ժամանակն է, որ Երևանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները, թղթին հանձնելուց հետո էլ՝ ստորագրի դրա տակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2023 07:23 Asia/Tehran
  • Ալիև. Ժամանակն է, որ Երևանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները

Ադրբեջանի նախագահը պնդում է՝ ժամանակն է, որ Երևանը թղթի վրա վերահաստատի իր հայտարարությունները, թղթին հանձնելուց հետո էլ՝ ստորագրի դրա տակ։

Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Ադրբեջանի սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված կառավարության նիստին։ Ադրբեջանի ղեկավարը, ինչպես խոստովանել է, «դրական» է գնահատում հայկական կողմի դիրքորոշման փոփոխությունը. նա հիշեցրել է հայկական կողմի քայլերի հաջորդականությունը՝ անցած տարվա հոկտեմբերին Հայաստանի իշխանությունն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ընդամենը մի քանի ամսից ավելի հեռուն է գնացել՝ մայիսին արդեն պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի պարամետրերը՝ ներառյալ Ղարաբաղը և անկլավները։

«Սա պետք է դիտարկել որպես դրական պահ։ Հիմա եկել է ժամանակը, որ այդ նույն խոսքերն ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին նախատեսված են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններ, և դրանց նպատակը մեկն է՝ «կողմերին մոտեցնել խաղաղության համաձայնագրին»։ «Մենք դա ցանկանում ենք, մենք դա առաջ ենք մղում որպես նախաձեռնություն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Խաղաղության մասին խոսող Ալիևը, ինչպես պատմել է, զուգահեռաբար ջանք չի խնայում բանակը հզորացնելու, արդիականացնելու, բարեփոխելու հարցում։ Իր ծավալուն ելույթի զգալի մասը նվիրելով ռազմական ներուժի հզորացման անհրաժեշտությանը, Ադրբեջանի առաջնորդը նշել է՝ պետք է քիչ խոսել այդ մասին, բայց շատ գործել։ Որոշ մանրամասներ, այդուհանդերձ, նախընտրել է պատմել՝ հավաստիացնելու հայրենակիցներին, որ «իրենց անվտանգությունը հուսալի ձեռքում է, այսուհետ կարող են հանգիստ ապրել»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մեր զինված ուժերում իրականացված բարեփոխումները՝ այդ թվում կառուցվածքային, դեռ չեն ավարտվել։ Մենք մեր զինված ուժերը պետք է հասցնենք ամենաառաջադեմ բանակների մակարդակին, այսինքն , բնականաբար, հաշվի առնելով Ադրբեջանի մասշտաբները։ Կառուցվածքային բարեփոխումների, կառավարման և ինքնապաշտպանության տեսանկյունից մենք այնպիսի ուժ ենք կառուցում, որպեսզի վստահ զգանք այն աշխարհագրության մեջ, որտեղ գտնվում ենք», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը և ընդգծել՝ ժամանակակից աշխարհում կարևորը ուժի գործոնն է, և պետք չէ հույս դնել միջազգային իրավունքի, միջազգային կառույցների բանաձևերի և որոշումների վրա։

Մինչդեռ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրում տեղ գտած ադրբեջանական պահանջների մասին խոսելիս Ալիևը հենց այդ «միջազգային սկզբունքներն» է վկայակոչել և կարծիք հայտնել, թե կարելի է ստորագրել այդ փաստաթուղթը։

Համաձայնագիրը պատրաստ չէ ստորագրման, հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում։

azatutyun.am