Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել։
Այն սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ զոհված զինվորների, ապա «Հայր մեր» աղոթքով։
Երեկ Արցախի պետնախարարը հայտարարել էր համաժողովրդական անժամկետ շարժում սկսելու մասին. «Իրավիճակը օրհասական է»։
Վերածննդի հրապարակում անցկացրած հանրահավքից հետո արցախցիները երթով գնացին Ստեփանակերտում Կարմիր խաչի գրասենյակի մոտ, ապա երթը շարժվեց դեպի ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնակայան։
«Իրավիճակի մասին երկար չեմ խոսի, որովհետև խոսել եմ 7 ամիս շարունակ, ահազանգել բոլորին»,- Ստեփանակերտի հրապարակում ընթացող Արցախի ապաշրջափակման պահանջով հանրահավաքի ժամանակ ելույթն այսպես սկսեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Այսօր ահազանգի կոչնակ հնչեցնելու հերթական պահն է, որը բոլորս միասին պետք է անենք: Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, մարդու իրավունքնե՞ր ասում եք, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ինչպե՞ս նայեմ մայրերի աչքերին, որոնց օրվա երազանքը՝ երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում՝ ձեթ կամ շաքարավազ ստանալու համար... Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում»,- ասաց Ստեփանյանը:
Դիմելով ռուս խաղաղապահներին՝ կոչ արեց տեր կանգնել մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն:
«Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք սպասում. ուզում եք ամեն օր այս հրապարակում մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք: Բավակա՛ն է»,- Ստեփանակերտի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին ու դիմելով միջազգային հանրությանը, ՀՀ-ին ու ՌԴ-ին, ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Հասել ենք եզրագծին ու մեր համբերության և զրկանքների հաշվին այլևս ի վիճակի չենք ձեզ ընձեռելու քաղաքական մանևրներ կատարելու հնարավորություններ: Հյուծվելու տեղ այլևս չունենք: Ցանկացած զիջում այլևս մեր երեխաների կյանքի գնով է, որը երբեք չենք զիջելու»,- նշեց նա: