Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
https://parstoday.ir/hy/news/armenia-i203070-Այսօր_Հայ_Առաքելական_եկեղեցին_նշում_է_Վարդավառի_Հիսուս_Քրիստոսի_Պայծառակերպության_տոնը
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2023 07:42 Asia/Tehran
  • Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Համաձայն Ավետարանի` այդ օրը Հիսուսը, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին` մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: