Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Համաձայն Ավետարանի` այդ օրը Հիսուսը, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):
Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին` մինչև Աստծո Որդու փառավորվելը:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: