Քաղաքացիները Երեւանում տարբեր փողոցներ են փակել՝ ի պաշտպանություն Արցախի
Մի խումբ քաղաքացիներ ի պաշտպանություն Արցախի, փակել են Երեւանի Խանջյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկը:
Նրանք իրենց մոտ կրում են ռուսալեզու և անգլալեզու գրառումներով պաստառներ՝ «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացեք կյանքի ճանապարհը», «Մենք ոչ ենք ասում կեղծ հումանիզմին», «Մենք Արցախն ենք»:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Միացում», «Արցախ»: Նրանք քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ և միանալ իրենց։
Ոստիկանները բարձրախոսով հորդորում են բացել պողոտան:
Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով հասել են Աբովյան փողոց եւ փակել նաեւ Աբովյան փողոցը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ քաղաքացիենրը որոշ ժամանակով փակել էին նաեւ Բաղրամյան պողոտան: Նրանք հայտարարել են, որ սա իրազեկման ակցիա է, իրենք իրազեկում են վաղը Ազատության հրապարակում ժամը 20-ին կայանալիք հանրահավաքի մասին։