Ադրբեջանը մերժել է հարաբերությունների կարգավորման հետ կապված ՀՀ վարչապետի պայմանը
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այսօր (երեքշաբթի) տարածել է հայտարարություն ,որում մերժել է երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանը։
Վերջերս ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է,-Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայությանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի կողմից խստորեն սահմանափակվել է մուտքը միջանցք՝ բնապահպանական բողոքի կեղծ պատրվակով։ Այժմ Բաքուն ավելի հեռուն է գնացել՝ միջանցքի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրելով՝ ընդհուպ խոչընդոտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շարժը։ Սա նշանակում է, որ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը մեծապես խաթարված է։ Փաշինյանը պահանջել է սահմանային անցակետի ապամոնտաժում և Հայաստանի ու Ստեփանակերտի միջև անխափան կապի ապահովում:ՀՀ վարչապետը նաև հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելու համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական «Le Monde» թերթին տված հարցազրույցին:
Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անհեթեթ համարելով ՀՀ վարչապետի պահանջը պնդել է,-«Հայաստանը անտեսելով միջազգային կազմակերպությունների նախազգուշացումները էթնիկ զտումների քաղաքականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի վերաբերյալ, վերջին 30 տարիների ընթացքում կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի բոլոր չափանիշներն ու սկզբունքները»։
«Տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար ամենաանհրաժեշտ պայմանն է, որպեսզի Հայաստանի պաշտոնատար անձինք դադարեցնեն միջամտության փորձերը Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ապրող հայերի վերաինտեգրման միջոցառումներին և աներկբա, ոչ թե խոսքով՛ այլ գործով, հաստատեն, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Միանգամայն անընդունելի է, որ Հայաստանի ղեկավարությունն ինչ-ինչ պատրվակներով վերապահումներ է անում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում, ինչը հարված է հասցնում երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին և ծառայում է տարածաշրջանում լարվածության պահպանմանը»,ընդգծվել է Ադրբեջանի ԱԳՆ հայատարարության մեջ: