Բաքուն խոստացել է հարգել Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները 
https://parstoday.ir/hy/news/armenia-i203772-Բաքուն_խոստացել_է_հարգել_Ղարաբաղում_ապրող_հայերի_իրավունքները
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն,որում մի շարք մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի  հասցեին, միաժամանակ խոստացել է ,որ Բաքվի կառավարությունը  հարգելու և երաշխավորելու է Ղարաբաղի տարածաշրջանի բոլոր հայ բնակիչների իրավունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2023 13:05 Asia/Tehran
  • Բաքուն խոստացել է հարգել Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները 

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն,որում մի շարք մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի  հասցեին, միաժամանակ խոստացել է ,որ Բաքվի կառավարությունը  հարգելու և երաշխավորելու է Ղարաբաղի տարածաշրջանի բոլոր հայ բնակիչների իրավունքները:

 «Ազեր Թաջ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ադրբեջանի ԱԳ նախարարությունն իր տարածած  հայտարարության մեջ խոսել է «Ղարաբաղի տարածաշրջանում հայ բնակիչների հետ դրական բանակցություններ անցկացնելու Բաքվի շարունակական քայլերի» և ինչպես նաև «Լաչինի նոր ճանապարհի կառուցման և տարածաշրջանի էներգետիկան ապահովելու համար Լաչինում  փոքր էլեկտրակայանների օգտագործման  ուղղությամբ Բաքվի գործողությունների մասին»։

Ադրբեջանի Հանրապետությունն այն դեպքում է նման դիրքորոշմամբ հանդես եկել,երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս «Ֆրանս Պրես»-ին տված հարցազրույցում, Բաքվի կառավարությանը մեղադրել է Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ և ասել է,-«Քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել և չի վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից, նոր պատերազմի հավանականությունը մեծ է»:

Սա այն դեպքում, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ  Անի Բադալյանը  երկու շաբաթ առաջ  միջազգային հանրությանը կոչ է արել մեծացնել ջանքերը՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից  Լեռնային Ղարաբաղի յոթամսյա պաշարմանը վերջ դնելու  համար և հայտարարել է, «Ադրբեջանի Հանրապետությունը չնայած  Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, Լաչինի միջանցքում անօրինական անցակետ  տեղադրելուց հետո, բազմիցս արգելել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայությունը տարածաշրջանում»: 

Ռուսաստանը և որոշ արևմտյան երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Ավստրիան, Ադրբեջանի Հանրապետությանը կոչ են արել դադարեցնել Ղարաբաղում բնակվող հայ բնակչության պաշարումը և բացել  Լաչինի միջանցքը, սակայն Ադրբեջանի Հանրապետությունը դեռևս հստակ պատասխան չի տվել այդ կոչերին, ինչը  վերջին ամիսներին Բաքվի և Երևանի միջև  խաղաղ բանակցությունների լուրջ խոչընդոտներից մեկն է  եղել։

Նշենք, որ Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող ժողովուրդը տառապում է սննդի, դեղորայքի, վառելիքի և էլեկտրաէներգիայի պակասից, և հավանական է, որ Ղարաբաղում  ավելի խորանա  հումանիտար ճգնաժամը։